Ինչպես իրավապահ ոլորտում, այնպես էլ ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ին գործընկեր են անհրաժեշտ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողներին հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ անդրադառնալով 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության տարելիցին եւ ահաբեկչության դեմ պայքարի ներկայիս իրավիճակին:

Դեսպանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 10-ի երեկոյան այդ առիթով կարեւոր հայտարարությամբ է հանդես եկել: «Մենք շարունակում ենք մեր բոլոր գործընկերների հետ աշխատանքները՝ ահաբեկչական հանցագործությունների բացահայտման եւ դրանց կանխման ուղղությամբ», - ընդգծեց Հեֆերնը:

Հիշեցնենք, որ 2001թ սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության մահապարտ-ահաբեկիչները 4 ուղեւորափոխադրող օդանավերից երկուսն ուղղել էին գործարար Նյու Յորքի խորհրդանիշ հանդիսացող երկվորյակ երկնաքերերի ուղղությամբ: Մյուս երկուսն ուղղվել էին դեպի Պենտագոն, կամ, հնարավոր է, Սպիտակ տուն: Բացի վերջինից, մյուս օդանավերը հասել էին իրենց նպատակակետին: Այդ օրը ահաբեկչության զոհ էր դարձել 2974 մարդ, անհայտ կորած է համարվում եւս 24-ը: Համարվում է, որ այդ ընթացքում զոհվել է նաեւ 19 ահաբեկիչ: