Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, նույն վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, սենատոր Ալեն Ներիի գլխավորությամբ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի խորհրդարանականների ներդրումը` հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում, եւ նշեց, որ խորհրդարանական ձեւաչափով ակտիվ շփումները մեծապես նպաստում են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել զարգացմանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց Հայաստանի եւ Արցախի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի անդամ ֆրանսիացի սենատորների եւ պատգամավորների ներկայացուցչական պատվիրակության այցելությունը Հայաստան եւ Արցախ` ընդգծելով, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում` առաջին ձեռքից տեղեկանալու տարածաշրջանային գործընթացների մասին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ֆրանսիացի սենատորներն ու պատգամավորներն ասացին, որ տպավորված են Արցախ այցելությունից, իշխանությունների եւ բնակչության հետ հանդիպումներից։ Նրանց բնորոշմամբ` արցախցիները, ապրելով ոչ դյուրին պայմաններում, հաջողությունների են հասել պետակաշինության եւ զարգացման գործում։ Նրանք վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը` հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացման նպատակով։

Զրույցի ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում հայկական եւ ֆրանսիական պատվիրակությունների համագործակցությանն առնչվող հարցեր։

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների։