Մարտի 1-ի գործով բոլոր հանգամանքները պարզվել են, կան առանձին չբացահայտված հանգամանքներ, որոնց հարցում կան լուրջ խոչընդոտներ հենց տուժածների կողմից:
Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Նրա համոզմամբ՝ բացահայտվել են բազմաթիվ դրվագներ, մի շարք մարդիկ դատապարտվել են: «Եվ տվյալ գործի շրջանակում դատական ոչ մի որոշում չի փոփոխվել դատական ատյանների կողմից»,- ընդգծել է Աղվան Հովսեփյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի անունը գաղտնի պահվում, նա խորհուրդ է տվել այդ մասին հարցնել լիազորված մարմիններին:
Հիշեցնենք, 6 տարի առաջ՝ 2008թ. մարտի 1-ին ընդդիմություն-իշխանություն դիմակայության հետեւանքով Երեւանում զոհվել էր ութ ցուցարար եւ Ներքին զորքերի երկու ծառայող: Մարդկանց սպանությունների համար առայսօր ոչ ոք չի պատժվել:




























