Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը առաջարկում է եւս երկու օր սպասել՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալների անուններն իմանալու համար: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողներին անձամբ հայտարարեց Ավղան Հովսեփյանը:

Նա հստակեցրեց, որ ըստ օրենքի՝ կառավարության կողմից քննչական մարմինների աշխատակիցների նշանակումից հետո, Քննչական կոմիտեի նախագահը 5 օրվա ընթացքում կառաջադրի տեղակալների թեկնածությունները եւ կներկայացնի ՀՀ նախագահի հաստատմանը:

Անդրադառնալով հարցին, որ ներկայիս Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարության համաձայն, նախկինում համակարգում կոռուպցիան ծաղկում էր ապրում, Աղվան Հովսեփյանն ընդգծեց. «Դեռ Գլխավոր դատախազի պաշտոնում հայտարարել եւ այսօր կրկին վստահորեն ընդգծում եմ, որ Հայաստանի Գլխավոր դատախազությունը պետական այն մարմիններից է, որտեղ վաղուց վերացել են համակարգային կոռուպցիոն երեւույթները: Իհարկե, ես այդնքան միամիտ չեմ, որպեսզի պնդեմ, որ կոռուպցիան ընդհանրապես վերացել է, քանի որ միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կգողանան ընդհանուր սկզբունքների շրջանակներից դուրս»: