Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից դադարեցնում է հայկական Air Armenia-ի աերոնավիգացիոն սպասարկումը իր օդային տարածքում՝ պարտքերի պատճառով, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտ 1,1 մլն դոլար, հաղորդում է աերոնավիգացիոն ծառայությունների ռուսական փրովայդեր «Օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիան»:

Ռուսական պետական կորպորացիային Air Armenia-ի ժամկետանց պարտքը կազմում է ավելի քան 400 հազար դոլար, ընթացիկը՝ ավելի քան 700 հազար դոլար, նշվում է հաղորդագրության մեջ:

Օդային նավիգացիայի ծառայությունների տրամադրումը կվերսկսվի ժամկետանց պարտքերի ամբողջական մարումից և ընթացիկ պարտքերի վճարման երաշխիքներ տրամադրելուց հետո:

«Օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիան երկար ժամանակ հայկական ավիափոխադրողին տարկետում էր տրամադրում ՌԴ տարածքում թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման վճարների համար: Թեպետ Air Armenia-ին տրամադրվել էին բոլոր հնարավորությունները պարտքերը մարելու համար, ավիաընկերության ղեկավարությունը գործուն միջոցներ չձեռնարկեց պարտքային բեռը նվազեցնելու համար», - պետական կորպորացիայի հաղորդագրությունն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:

«Ավիաընկերությունների աերոնավիգացիոն սպասարկման միջոցներն օգտագործվում են, առաջին հերթին, ավիադիսպետչերների աշխատավարձերը վճարելու, թռիչքների ռադիոտեխնիկական ապահովման համալիրներն ու համակարգերը, ավիացիոն էլեկտրակապի միջոցները սարքին պահելու, ՌԴ-ի աերոնավիգացիոն համալիրի արդիականացման համար: Աերոնավիգացիոն վճարները  չկատարելը  ֆինանսական ուղղակի վնաս է հասցնում Օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիային, քանի որ ձեռնարկությունը հարկեր է վճարում բյուջե ՝ անկախ նրանից վճարե՞լ է ավիաընկերությունը ծառայությունների դիմաց, թե՞ ոչ»,- նշվում է հաղորդագրությունում: