Արաբկիր եւ Քանաքեռ– Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդու եւ նրա ընկերների փաստաբան Հրանտ Անանյանը դատարանին միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ մեղադրական եզրակացությունը, որն ուղարկվել էր փոստի միջոցով, ամբաստանյալներին հասել է սահմանված ժամկետից ուշ:

Դատավոր Արթուր Մկրտչյանը ամբաստանյալներին իրենց իրավունքների մասին տեղեկացնելուց հետո ընդունեց նրանց փաստաբանի միջնորդությունը:

Փաստաբան Հրանտ Անանյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալների վերաբերյալ դրական կարծիքները, որոնք տրվել էին աշխատավայրից եւ բնակության հասցեից, ինչպես նաեւ յուրաքանչյուրի ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկություններ:

«Սամվել Քոթանջյանն իր խնամքի տակ ունի 1 անչափահաս երեխա,  Սեդրակ Փայասլյանի որդին տառապում է բրոնխիալ ասթմա հիվանդությամբ, բացի դրանից նա ունի թոշակառու ծնողներ եւ փաստացի ինքը համարվում է ընտանիքի միակ կերակրող անձը: Իսկ Ռաֆայել Մնացականյանի հայրը 2-րդ կարգի հաշմանդամ է եւ ինքը հանդիսանում է միակ խնամողը»,- ասաց փաստաբանը՝ դատարանին խնդրելով տեղեկություններին համապատասխան փաստաթղթերը կցել հարուցված գործին:

Գործով մեղադրվող Սամվել Քոթանջյանը, պազվեց, ունի որոշ առողջական խնդիրներ:

«Քիթ-կոկորդի հետ կապված խնդիրներ ունեմ եւ այդ պատճառով բանակում չծառայելու համար Պաշտպանության նախարարության համապատասխան եզրակացության հիման վրա տարկետում եմ ստացել»,- ասաց Սամվել Քոթանջյանը:

Նշենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Քոթանջյանին, Սեդրակ Փալասյանին և Ռաֆայել Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 06.06.2014թ. ժամը 23։00-ի սահմաններում Ուլնեցու փողոցի 72, այնուհետև 74 բնակելի շենքերի բակում չնչին առիթով, այն է՝ Ս.Փայասլյանի որդու խաղալիքը կոտրելու պատճառով, վիճաբանել են Գոռ Հովհաննիսյանի և գործով չպարզված մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարակից շենքերի բնակիչների մոտ տագնապային իրավիճակ ստեղծելով, անտեսելով վիճաբանությունը դադարեցնելուն ուղղված բնակիչների հորդորները, շուրջ 5 րոպե տևողությամբ բարձրաձայն աղմկել են, տվել սեռական բնույթի հայհոյանքներ՝ խախտելով հասարակական կարգը, ինչով բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության անդամների նկատմամբ։

Բացի այդ, նշված վիճաբանության ընթացքում Սամվել Քոթանջյանը, նկատելով իրենց հետ վիճաբանող անձանց ագրեսիվ վարքագիծը, իր կողմից ապօրինի ձեռք բերված և ավտոմեքենայում պահվող Մակարով տեսակի առանց նույնացման համարի հրազեն հանդիսացող ատրճանակից երեք անգամ անհասցե կրակոցներ է արձակել օդ, որից հետո վիճաբանող մյուս կողմը դիմել է փախուստի։