«Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ Անուշավան Գրիգորյանը, որն անմեղսունակ էր ճանաչվել եւ այս ընթացքում գտնվում էր հարկադիր բուժման մեջ, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Անուշավան Գրիգորյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը:

«Մեր չարչարանքը արդյունք տվեց: Անուշավանին ազատ արձակեցին, հիվանդանոցային ստացիոնար հարկադիր բուժումը փոխարինեցին արտահիվանդանոցային բուժմամբ: Ինքն այս ընթացքում հարկադիր բուժան մեջ էր, բուժումն արդյունք էր տվել, եզրակացություն էին տվել, որ ինքը հասարակության համար վտանգավորություն չի ներկայացնում, հիվանդանոցային բուժման կարիք չունի, դրսում կշարունակի բուժվել, նրան կխնամի մայրը»,-ասաց պաշտպանը:

Ինչպես պաշտպանը նշեց, թեեւ Անուշավան Գրիգորյանը դեպքի օրը միացել էր Ազատության հրապարակից մեկնարկող երթին, սակայն այնտեղ հայտնվել էր պատահականորեն:

«Անուշավանը պարբերաբար բուժվում է, ակցիայի օրը մոտ 10 օր առաջ էր դուրս գրվել: Ցույցի ժամանակ իր այնտեղ հայտնվելը պատահական է եղել, այդպիսի հիվանդությամբ մարդկանց միշտ հասարակությունը ձգում է, իրենք գնում են այնտեղ, որտեղ հասարակությունը հավաքված է: Ինքը հասարակական կարգ էր խախտել, վերցրել էր փայտը, պայթուցիկ նյութ էր նետել, իր գործողություններում կար խախտում: Ինքն էլ ընդունեց, որ այդպիսի գործողություններ կատարել է, բայց դիտավորություն չի ունեցել»,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Անուշավան Գրիգորյանն անժամկետ 2-րդ խմբի հաշմանդամ է, տառապում է հոգեկան հիվանդությամբ՝ շիզոֆրենիա պարանոիդ ձեւով, որը ստացել է 1999թ.՝ զինվորական ծառայության ժամանակ: Նրա գործը դատարանը քննում էր առանձին կարգով:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: