Ֆինանսների նախարարությունը չի պատրաստվում իրենց պարտավորությունների շուրջ պետության ներկայացրած հաշվարկների հետ չհամաձայնած բիզնեսի ուժեղացված ստուգումներ իրականացրել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը: Նրա խոսքով՝ տնտեսվարող սուբյետները կարող են չհամաձայնել հաշվարկների հետ եւ ներկայացնել սեփականը:
«Պարզապես հաշվարկների հետ չհամաձայնած ընկերություններն հայտնվում են ռիսկային գոտում: Սակայն եթե նրանք ապացուցեն, որ չկատարված ոչ մի տեսակի պարտավորություն չունեն, բնականաբար ցուցակից դուրս են բերվում», - հավելեց Միրումյանը:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին ֆինանսների նախարարությունը մի քանի հազար տնտեսվարող սուբյեկտներին ներկայացրել է վերջիններիս իրական շրջանառության եւ հարկային պարտավորությունների հաշվարկները: Ընկերությունների կեսից ավելին հաշվարկների հետ չեն համաձայնել:




























