Երեւանի Նուբարաշեն թաղամասում հունիսի 1-ին Վալերի Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ դանակահարության գործով վկաներից ոմանք հրաժարվում են ներկայանալ ոստիկանություն՝ առերեսվելու մյուս վկաներ, Սեդրակ Օսիպյանի հարեւաններ Գոհար Կարապետյանի եւ Սուսաննա Հովհաննիսյանի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոհար Կարապետյանը, որին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Սուսաննա Հովհաննիսյանի հետ կանչել էին ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
«Իմ ծանուցագրի մեջ գրված էր՝ հարցաքննություն, հետո տեղեկացա, որ պետք է սպասենք մեր հարեւաններ Արշալույսին եւ Էմմային, որ առերեսվենք: Հետո ասացին, որ զանգել էին հարեւանները, ասել, որ չեն գա: Մենք սպասեցին մի քանի ժամ, հետո եկանք տուն: Ըստ երեւույթին, բերման կենթարկեն իրենց մյուս անգամ»,-ասաց տիկին Գոհարը:
ԳոհարԿարապետյանը, որը նույնպես ականատես է եղել դեպքին, պատմեց, որ երկու հարեւաններն էլ՝ Էմման եւ Արշալույսը, պատմել են, որ տեսել են, որ Սեդրակ Օսիպյանն է եղել 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարողը: Տիկին Գոհարն ասաց, որ Արշալույսն իրեն անձամբ ասել է, որ ինչքան էլ կանչեն, միեւնույն է, ինքը ոստիկանություն չի գնալու:
«Իրենք ներկա են եղել դեպքին, ամեն ինչ տեսել են: Մինչեւ այս չգիտեմ՝ ոստիկանությունում ինչ ցուցմունք են տվել, ինչ են ասել, բայց Արշալույսն ինձ անձամբ ասեց՝ մեկ ա, չեմ գնալու, գնամ էլ՝ պետք ա ասեմ՝ չեմ տեսել, չեմ ճանաչում: Թե մեկն ա հարեւան, թե մյուսը, ամենքն ուզում են իրենց կաշին փրկեն, քաշքշուքի մեջ չընկնեն»,-ասաց Գոհար Կարապետյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում վիճաբանություն եւ ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչից հետո տեղի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նա վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը): Հունիսի 3-ին դատարանը բավարարել է Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Սեդրակ Օսիպյանը հետախուզման մեջ է:
Հիշեցնենք, որ դեպքից հետո Նուբարաշենի բնակչուհի Սուսաննա Հովհաննիսյանը հայտարարել էր, թե հունիսի 1-ին Նուբարաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին` գործով վկա Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա: Օսիպյանն այս մեղադրանքը հերքել է։





























