ՀՀ մշակույթի նախարարությունն արձագանքել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչների հայտարարությանը, ըստ որի, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկությունն ու հրապարակայնությունը պարզելու նպատակով պետական կառավարման մարմիններին ուղարկած համապատասխան հարցաշարին մշակույթի նախարարությունը չի պատասխանել:
Մշակույթի նախարարության պարզաբանման մեջ ասվում է.
«Մեր հարցման արդյունքում պարզեցինք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն հարցաշարն ուղարկել էր ոչ պաշտոնական գրությամբ՝ էլեկտրոնային փոստով:
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ նման հարցում /հարցաշար/ չի ստացել, ինչը կարող էր տեխնիկական խնդիրների պատճառով լիներ:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հարցաշարը մեկ անգամ եւս կուղարկի նախարարություն: Մշակույթի նախարարությունը հայտնում է իր պատրաստակամությունը պատասխանելու ներկայացվող հարցաշարին:
Նշենք նաեւ, որ ՀՀ մշակույթի նախարարությունն ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ, այդ թվում նաեւ՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի: 2014 թվականին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնից» ստացվել է երկու պաշտոնական հարցում, որոնց պատասխանվել է սահմանված կարգով եւ ժամկետում»:





























