Եթե հանքարդյունաբերության համար տրված լիցենզիաների տասը տոկոսն իրականանա, Հայաստանում ոռոգման համար ջուր հնարավոր չի լինի վերցնել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

«Հիմա Կարճեւան գետի փոխարեն հոսում է կաշա, բայց ժամանակին այնտեղ կարճեւանցիները ձուկ են որսացել: Հանքային էլեմենտները, որոնք լցվում են ջրային էկոհամակարգ, խիստ թունավոր են կենդանական, եւ բուսական աշխարհի համար», - նշել է նա:

Սանասարյանի խոսքով՝ Վայոց ձորի մարզում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեպքում մենք կկորցնենք Որոտան եւ Արփա գետերն իրենց 700 միլիոն տարեկան հոսքով: «Եթե այսօր մենք կարող ենք Հայաստանից որոշ քանակությամբ ջուր արտահանել եւ ապրել, հետագայում չի բացառվում, որ Հայաստան ջուր ներկրենք», - ընդգծել է բնապահպանը:

Ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանն իր հերթին նշել է արդեն իսկ աղետալի վիճակում հայտնված գետերը. «Ախթալա գետը, Փամբակ գետը Վանաձորից ներքեւ, Ախուրյան գետը Գյումրի քաղաքից ներքեւ, Հրազդանը, Ողջի գետը Կապանից ներքեւ, Արծվանիկ գետն արդեն չկա, Նորաշենիկ գետը ոչնչացված է, եւ տենդենց կա շատանալու»:

Անդրադառնալով գետային էկոհամակրգերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցմանը` Սեյրան Մինասյանն ասել է. «Փոքր ՀԷԿ-երը մեզ մոտ այնպես են կառուցվում, որ ջուրը գործնականում վերցվում է ամբողջությամբ: Փոքր ՀԷԿ-երի այս համատարած բումը բերելու է նրան, որ շատ այդ տիպի վտակներ պարզապես ենթարկվելու են այն կարգի էկոհամակարգային  տրանսֆորմացիաների»: