Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել գետնախնձորի սերմերի ներմուծման 10%-անոց մաքսատուրքը վերացնելու մասին օրինագիծը: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի խոսքով, այս կերպ հնարավոր կլինի խթանել գետնատանձի մշակումը: «Պարզապես անհրաժեշտ է հստակ նշել գետնատանձի առեւտրային կոդը, որպեսզի մաքսատուրքի զրոյացումը խիստ նպատակային լինի»,- հավելեց նա:

Օրինագծի հեղինակները ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր պատգամավորներ են. Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը՝ «Օրինաց երկրից», Վարդան Այվազյանը՝ ՀՀԿ-ից, Միքայել Մելքումյանը՝ «Բարգավաճ Հայաստան»-ից:

Իր ելույթում ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ գետնախնձորի արտադրության աճը հնարավորություն կընձեռի ֆերմերներին ավելացնել եկամուտները:

«Առավել եւս, որ մեր երկրի կլիման բարենպաստ է դրա մշակման համար: Բացի այդ, դրա օգտագործման աճը, ինչպես հայտնի է, բարենպաստ ազդեցություն կունենա բնակչության առողջության վրա»,- հայտարարեց նա: