Սեպտեմբերի 10-ին ավարտվեց միջազգային որոնողափրկարարական թիմերի 36-ժամանոց ստուգողական վարժանքը, որի թեման էր «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը»: Փրկարարների գործողություններին որպես դիտորդ հետեւում էին Լեհաստանի պետական հրդեհային ծառայության փորձագետները:

Մտահղացման համաձայն` Իրանի տարածքում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով «երկրաշարժ», որի էպիկենտրոնը գտնվում է Քերման նահանգում` Բամ քաղաքից 9 կմ հյուսիս-արեւմուտք: Հիմնականում վնասվել են Բամ եւ Բարավաթ քաղաքները: Նախնական տվյալներով՝ կա 25 հազար «զոհ» եւ 30 հազար «վիրավոր»: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է օգնության խնդրանքով պաշտոնական հայտ: Հայ փրկարարները մեկնում են օգնության:

Լուսակերտի ուսումնական կենտրոնում հիմնվել էր քաղաքային որոնողափրկարարական թիմի վրանային ավան: Այն հագեցած էր փրկարարների կենսական պահանջները բավարարելու համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով` սննդի ապահովման, բժշկական սպասարկման եւ հանգստի համար նախատեսված հատվածներով: Խորհրդակցությունների եւ ղեկավար կազմի համար տեղադրել էր առանձին վրաններ, որոնք հագեցված էին կապի նորագույն միջոցներով` մշտական կապ ապահովելով փրկարարական ջոկատների եւ ղեկավար կազմի միջեւ:

49 հոգուց բաղկացած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը փրկարարական աշխատանքներն իրականացնում էր մի քանի հերթափոխով: Այսինքն` աշխատանքը շարունակվում էր 24 ժամ անընդմեջ: Գործնական աշխատանքներն ընթանում էին Արզնու ձորում գտնվող կիսակառույց շենքում, որտեղ, ըստ սցենարի, ավերիչ երկրաշարժի հետեւանքով տեղի էր ունեցել փլուզում: Վրանային ավանից դեպի աշխատանքների իրականացման վայր փրկարարներն ուղեւորվում էին հատուկ տեխնիկայի միջոցով:

Տարածքը, որտեղ աշխատում էր փրկարարական թիմը, հսկվում էր անվտանգության համար պատասխանատու փրկարարների կողմից, եւ կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելվում էր:

Փրկարարական աշխատանքները սկսելուց առաջ իրականացվում էր տարածքի հետախուզում, որից հետո տեղեկություններ են ստացվում թե տարածքում գտնվող տուժածների, թե տեղում առկա աշխատանքի այն պայմանների մասին, որի ժամանակ ստիպված են աշխատել փրկարարները: Հետախուզական աշխատանքը թույլ է տալիս նաեւ որոշել այն տեխնիկական միջոցների կազմը, որը անհրաժեշտ կլինի տվյալ հատվածում փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար: Տեղանքը, որտեղ ընթանում էին բուն փրկարարական գործողությունները, բաժանված էր մի քանի տեղամասերի: «Զոհերին» եւ «վիրավորներին» փլատակներից դուրս բերելու համար օգտագործվում էին ինչպես կտրող-ծակող հատուկ գործիքներ, այնպես էլ վերեւի հարկերից վիրավորներին տեղափոխելու համար նախատեսված պարաններ ու պատգարակներ: Տարածքում հերթապահում էին շտապօգնության մեքենաները: Փրկարարական բոլոր գործողությունները համակարգվում էին հատուկ շտաբից` ուղիղ ռեժիմով: Այնտեղ հավաքվում ու մշակվում էին ոչ միայն մեր փրկարարական թիմի գործողությունների վերաբերյալ, այլեւ` մոտակայքում աշխատող այլ երկրների թիմերի գործունեության վերաբերյալ տեղեկությունները:

Այս վարժանքի միջոցով ԱԻՆ փրկարար ծառայության թիմերը նախապատրաստվում են ՄԱԿ-ի որոնողափրկարարական միջազգային խորհրդատվական խմբի որակավորմանը, որն անցկացվելու է 2015 թվականին: