Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ Անուշավան Գրիգորյանը, որն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել, Շանթ Հարությունյանի գաղափարակից չէ, դեպքի օրը հայտնվել էր Ազատության հրապարակում, քանի որ Շանթի գաղափարակիցներից, գործով ամբաստանյալ Ավետ Ավետիսյանն իր բարեկամն է:

«Ես պատահական հանդիպեցի իմ բարեկամին այնտեղ, չէի գնացել երթին մասնակցելու: Ես կողմնակից եմ հեղափոխության, բայց ոչ Շանթի գաղափարներով: Միամիտ պատահեց, որ ես ընկա այդ հոսանքի տակ»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Անուշավան Գրիգորյանը՝ նշելով, որ ինքն ակտիվ քաղաքացիական գործունեություն է ծավալում, մասնակցում տարբեր բողոքի ակցիաների եւ այդպես էլ շարունակելու է: 

Անուշավան Գրիգորյանի խոսքով՝ մեղադրանքում նշված է, թե ինքը պայթուցիկ նյութ է նետել ոստիկանների ուղղությամբ, բայց այդպիսի բան չկա:

«Երկու հատ խլոպուշկա եմ նետել ինքս իմ ոտքերի տակ: Ոչ մի կադր չկա, որ ես դա ոստիկանի ուղղությամբ եմ նետում: Երեւում ա, որ ես խփում եմ իմ ոտքերի տակ»,-ասաց նա:

Անուշավան Գրիգորյանը վստահաբար նշեց, որ թեեւ ինքը Շանթ Հարությունյանի գաղափարակից է, բայց ինչով կարողանա, օգնելու է  Շանթին ու նրա ընկերներին:

Հիշեցնենք, որ Անուշավան Գրիգորյանն անմեղսունակ էր ճանաչվել, նրա գործը քննվում էր առանձին: Նա անժամկետ 2-րդ խմբի հաշմանդամ է, տառապում է հոգեկան հիվանդությամբ՝ շիզոֆրենիա պարանոիդ ձեւով, որը ստացել է 1999թ.՝ զինվորական ծառայության ժամանակ:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: