Ազգային ժողովի նոր նստաշրջանի առաջին քառօրյային ամենակտիվն ու ամենապարտաճանաչը եղել է Հանրապետական խմբակցությունը։ Լրագրողների հարցին, թե ինչու ՀՀԿ-ական պատգամավորները չեն կատարում Սերժ Սարգսյանի՝ նիստերին պարտադիր ներկա լինելու պահանջը, այսօր՝ սեպտեմբերի տասնմեկին, այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Հանրապետական մեծամասնությունը բավականին ակտիվ աշխատել է այս քառօրյային եւ մինչեւ վերջին րոպեին ակտիվ բանակցություններ էին ընթանում։ Այսօր օրինակ ժամը չորսից հետո քսան հոգի նստած էր ՀՀԿ-ից, չորսը՝ մյուս քաղաքական ուժերին, քաղաքական ուժ կար նույնիսկ, որ ներկայացուցիչ չուներ։ Ամենապարտաճանաչը եղել է Հանրապետական խմբակցությունը»,- ասաց նա։
Նշենք, որ սեպտեմբերի վեցին ՀՀԿ Խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ԱԺ նիստերին պետք է պարտադիր ներկա գտնվել, իսկ խորհրդարանն էլ համեմատել էր խրամատի հետ։ Հարկ է նշել, որ շատ ՀՀԿ-ական պատգամավորներ նիստերին գալիս են ընդամենը տասը-տասնհինգ րոպեով։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























