Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» ջիհադիստների խմբավորման դեմ միջազգային ռազմական գործողության համակարգողն է դարձել ԱՄՆ ծովային ուժերի գեներալ Ջոն Ալենը:
Նա զբաղվելու է  ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովմամբ, անձնակազմի պատրաստմամբ, ինչպես նաեւ դաշինքի գործընկերների շրջանում պատասխանատվության բաշխմամբ` զինամթերք մատակարարելու հարցում: Նա այդ աշխատանքով զբաղվել էր Իրաքում եւ Աֆղանստանում:

Ութ տարի առաջ գեներալն աջակցել է սունիների զինված  գործողություններին Իրաքում` «Ալ Քաիդայի» դեմ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ջիհադիստների դեմ պայքարում ԱՄՆ-ին որոշել է աջակցել արաբական տասը երկիր, ներառյալ` Սաուդյան Արաբիան:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել էր «Իսլամական պետության» դեմ պայքարի իր ռազմավարությունը:

Ըստ ԿՀՎ-ի նոր հաշվարկների` «Իսլամական պետության» կողմում պայքարող ապստամբների թիվը երեք անգամ գերազանցում է նախորդ գնահատականները:

Ըստ գերատեսչության մամուլի քարտուղար Ռայան Տրապանիի` Սիրիայում եւ Իրաքում հաշվվում է շուրջ 20-30 հազար ջիհադիստ գրոհային:
Գերատեսչությունում նշում են, որ իսլամիստների թվի այս աճը վկայում է  հունիսից ավելացած հավաքագրումների եւ խմբավորման ռազմական հաջողությունների մասին` վերջինիս կողմից  խալիֆայության հռչակումից հետո:

ԿՀՎ-ի տվյալները հիմնված են հետախուզության` մայիսից օգոստոսն ընկած ժամակահատվածում արված հաշվետվությունների վրա: