«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի պաշտոնի բարձրացման լուրն առայժմ պաշտոնապես չի հաստատվում: NEWS.am-ի թղթակցին ՀԿԵ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնից հայտնեցին, որ Վիկտոր Ռեբեցն այսօր մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու սեպտեմբերի 15-ին կայանալիք տնօրենների խորհրդի նիստին, դրա ավարտից հետո նա կվերադառնա Երեւան: Կենտրոնից հայտնեցին, որ տնօրենների նիստի օրակարգում նման հարց չկա:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե հաջորդ շաբաթ «Ռուսական երկաթուղու» տնօրենների խորհրդի նիստ է կայանալու, որտեղ խոշոր կադրային փոփոխություններ են սպասվում: Կապված վերջին շրջանում Ռուսաստանում երկաթուղային վթարների հետ, ըստ ամենայնի, իր պոստը կլքի Մոսկվայի մասնաճյուղի ղեկավարը, որտեղ այժմ ծառայողական քննություն է գնում, եւ արդյունքները գոհացուցիչ չեն: Մեզ հասած տեղեկություններով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ով 2012-ին փոխարինել է Շեւքեթ Շայդուլինին, Մոսկվայի տնօրենի աթոռի հիմնական հավակնորդներից է: Նա այս ոլորտում միջազգային մակարդակի եզակի մասնագետներից է համարվում, եւ քանի որ «Հարավկովկասյան երկաթուղին», որպես կանոն, տրամպլին է ծառայում աշխատանքային թռիչքների համար՝ Շայդուլինը Հայաստանից նշանակվեց «ՌԵ» ԲԲԸ շարժման անվտանգության դեպարտամենտի փոխնախագահ-պետ, ապա խիստ հավանական է, որ այս անգամ էլ Ռեբեցի բախտը կբացվի»։





























