ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը սպառնացել է Yahoo-ին օրական 250 հազար դոլարով տուգանել, եթե հետախուզական ծառայությանը օգտվողների տվյալներին հասանելիության իրավունք չտա, հայտնում են ընկերության փաստաբանները:

Ընկերությունը դատարանում վիճարկել է այս կարգադրության համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը, սակայն տանուլ է տվել գործը:

Այնուամենայնիվ, դաշնային դատավորը հանրության սեփականությունն է դարձրել նիստի որոշ նյութեր:

Yahoo-ի իրավախորհրդատու Ռոն Բելը դատական վարույթի  1500 էջերի հրապարակումը, ներառյալ ԱԱԳ-ի սպառնալիքները, «կարեւոր հաղթանակ» է անվանել, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Համացանցային հսկան, ինչպես եւ նրա մրցակից Google-ը, դժգոհություն է հայտնել այն լուրերի կապակցությամբ, որ գործակալությունը կոտրել է տվյալների փոխանցման ուղիները:

Այս տեղեկությունը նախորդ տարի հայտնել էր Ռուսաստանում քաղաքական ապաստան ստացած ԱԱԳ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: