Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժանիջոցները: Այդ մասին ասվում է ԵՄ-ի պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում:

Մասնավորապես, նոր պատժամիջոցներ են սահմանվել երեք նավթագազային ընկերություններին՝ «Ռոսնեֆթին», «Տրանսնեֆթին» «Գազպրոմ նեֆթին», ինչպես նաեւ երկակի նշանակության ապրանքներ եւ ռազմական տեխնոլոգիաներ արտադրող պաշտպանական ընկերությունների նկատմամբ: Պատժամիջոցային ցուցակում են ներառվել «Միավորված ավիաշինական կորպորացիան», «Ուրալվագոնզավոդ», «Օբորոնպրոմ», «Կալաշնիկով» կոնցեռնը, «Սիրիուս» էլեկրտա-օպտիկական ընկերությունը, «Ստանկոինստրումենտ», Տուլայի հրացանային գործարանը,«Բազալտ», «Խիմկոմպոզիտ», «Բարձր ճշգրտության համալիրներ» կազմակերպությունները, «Մեքենաշինության տեխնոլոգիաներ» եւ «Ալմազ-Անտեյ» կոնցեռները:

Համաձայն ներդրված պատժամիջոցների,  եվրոպական բիզնես-հանրությանը արգելվում է վարկավորել ռուսական ընկերություններին, նրանց ֆինանսական ծառայություններ տրամադրել (օրինակ բրոքերային):

Եվրամիությունը նաեւ սահմանափակել է ռուսական ընկերությունների մուտքը ԵՄ կապիտալի շուկա: Եվրոպացի ներդրողներին այժմ արգելված է վարկեր տրամադրել 30 օրից ավելի ժամկետով, ձեռք բերել կամ վաճառել 30 օրից ավելի շրջանառությամբ պարտատոմսեր, բաժնետոմսեր եւ այլ ֆինանսական գործիքներ, հաղորդում է Gazeta.ru-ն: