Հայաստանը ՀԱՊԿ-ի ակտիվ անդամներից է, կանգնած է դրա ստեղծման ակունքներում, բազմիցս հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է ԱԱՀՈՒ-ի, խաղաղապահ եւ հակաօդային ուժերի զարգացմանը:

Ի պատասխան անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ի կողմից օգնություն ստանալու մասին հարցին, հաշվի առնելով, որ դրանում ներառված են վեց երկրներ, նախարարը նշել է, որ

ՀԱՊԿ-ի կանոնակարգի համաձայն՝ անդամ երկրի դիմելու պարագայում մնացածները օգնության են հասնում:

Ինչ վերաբերում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, ըստ  Սեյրան Օհանյանի՝ Դաշինքի հետ համագործակցությունը երկրին օգնում է բարձրացնել բարեփոխումների մակարդակը: Համագործակցությունը զարգանում է մի շարք ուղղություններով՝ կրթություն, ռազմական բժշկություն, խաղաղապահ գործունեություն, հումանիտար ականազերծում: