Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գտնվող փաստաթղթերը վերադարձնել նախկին սեփականատերերին: Այս մասին NEWS.am-ին ասաց համասեփականատեր եւ տնօրեն Բորիս Մուրադյանը:

«Մենք մեր իրավունքները մինչեւ վերջ պաշտպանելու ենք, սեփականություն հենց այնպես չեն կարող վերցնել: Դա էլ հերիք չէ, գույքը, նույնիսկ մի քանի կազմակերպությունների փաստաթղթերը մեզ չեն վերադարձնում: Ըստ երեւույթին՝ պատճառն այն է, որ չկարողանանք հիմնավորել, որ գույքն իրենցը չէ»,- ասաց նա:

Համասեփականատիրոջ խոսքով՝ իրենք դիմել են Վարչական դատարան՝ բողոքարկելով արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գործունեությունը. «Մի քանի անգամ դիմել ենք Հովհաննես Մանուկյանին, որ ԴԱՀԿ-ի գործողություններն ապօրինի են, սակայն նա մատը մատին չի խփում: Մենք էլ վիճարկեցինք նրա գործունեությունը դատարանում»:

Նշենք, որ կառավարության օգոստոսի 21-ին կայացած նիստի ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտնել է, որ համալիրը ՊՆ-ին հանձնելու առաջարկը եղել է ԴԱՀԿ-ի կողմից: Նրա խոսքով՝ վարկային պարտքը կազմում է 10 մլրդ 207 մլն է, սակայն դրանից բացի առկա են նաև այլ պարտքեր՝ 204 մլն դրամ պետական տուրք: Այսինքն ընդհանուր առմամբ պարտքը կազմում է ավելի քան 10 մլրդ 400 մլն դրամ:

Հիշեցնենք, որ մայիսից ԴԱՀԿ-ն անընդհատ համալիրը հանում է աճուրդի, սակայն ոչ մի գնորդ դեռ չի հայտնվել: