Իշխանությունները գլխավոր առաջնահերթություն են հայտարարել սահմանադրական բարեփոխումների անցկացումը՝ տպավորություն ստեղծելով, որ հենց Սահմանադրությունն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտնել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Միաժամանակ, ըստ նրա, «Ժառանգությունը» դրա հետ համամիտ չէ:

Իշխանությունները համոզիչ փաստարկներ չեն բերում է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության համար. «Իշխանությունները փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել խնդիրներից: Ի՞նչ սահմանադրական բարեփոխումների մասին է խոսքը, եթե, օրինակ, Սահմանադրության 65-րդ  հոդվածը չի պահպանվում»,- հայտարարել է Ռուբեն Հակոբյանը՝ վերստին հիշեցնելով, որ սեպտեմբերի 16-ին «Ժառանգությունը» սահմանադրական քննարկումներ է նախաձեռնում:

Նա նաեւ նշել է, որ սահմանադրական բարեփոխումները հայ ժողովրդին ոչինչ չեն տա: Նշենք, Սահմանադրության 65-րդ  հոդվածով պատգամավորներին արգելվում է  զբաղվել գործարարությամբ եւ պաշտոն զբաղեցնել պետական կառույցներում ու առեւտրային ընկերություններում: