Քաղաքական յուրաքանչյուր առաջնորդ, գործիչ գիտի՝ ինչի մասին է խոսում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտնել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը:

Հակոբյանի խոսքով՝ Ծառուկյանի հարցազրույցը ճիշտ շեշտադրումներով էր. «Ծառուկյանը մտահոգություն է հայտնել, որ երկիրը մտնում է փակուղի եւ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա: Ես համամիտ եմ այդ տեսակետին»:

Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ երբեք չի մտել եւ չի մտնելու քաղաքական տարբեր հարաբերությունների մեջ, որոնք երբեմն շատ մանր են, իսկ երբեմն էլ ավելի շատ հիշեցնում են սովորական առեւտուր. «Ես շատ լավ գիտեմ Հայաստանյան քաղաքական դաշտի խաղի կանոնները, հարաբերությունների՝ մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ խաղի կանոնները: Ճիշտ հասկացեք, ինձ համար դա օտար եւ անհետաքրքիր զբաղմունք է: Եթե ես քաղաքական դաշտում մտածեի անձնական շահի մասին, ապա ես ընդհանրապես չէի մտնի քաղաքականություն»: