Ժամկետային զինծառայող, 22-ամյա Սամվել Հարությունյանի գործով ձերբակալված ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանին մեղադրանք է առաջադրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նա նշեց, որ ՀՀ քր.օր-ի 110 հոդ. 1-ին մասի /ինքնասպանության հասցնելը/ հատկանիշներով հարուցված քրեական գործով՝  նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին և 358 հոդվածի 1-ին մասերով, 360 հոդվածի 2-րդ մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով, զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաև զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ որը կատարվել է ստորադասի  կողմից պետի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության հետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային, 1992թ. Սամվել Սերգեյի Հարությունյանը։ Մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդ. 1-ին մասի /ինքնասպանության հասցնելը/ հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով/ ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը:  Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: