Հեղինե Հայկազի Հարթենյանը ոստիկանությունից տեղափոխվել է ՔԿՀ եւ ճանապարհին անհետացել: Այս մասին ահազանգում է ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբը:

Նրանց տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Խնդիրն այն է, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը 26.02.2014թ-ի ժամը 17.00-ին Երեւան քաղաքի վարչության Երեւանի ՁՊՎ-ից ըստ ՁՊՎ-ի համապատասխան գրանցամատյանի գրառումների տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:

Դիտորդական խմբի համագործակցության արդյունքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում եւ մարմիններում վերահսկողություն իրականացնող Դիտորդական խմբից տեղեկացվեց, որ տվյալ անուն-ազգանունով անձ «Աբովյան» ՔԿՀ չի ընդունվել:

Այս ամենը Դիտորդական խմբի համար տարօրինակ եւ կասկածելի լինելով Դիտորդական խումբը փորձեց պաշտոնական պարզաբանումներ պահանջել երկու պատասխանատու գերատեսչություններից (ՀՀ ոստիկանությունից եւ ՀՀ Արդարադատության նախարարությունից):

1. ՀՀ ոստիկանության կողմից օգոստոսի 21-ին տրվել էր մեկնաբանություն որ Հ. Հարթենյանը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ:

2.  ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության կողմից սեպտեմբերի 8-ի գրությամբ ստացվել է մեկնաբանություն Դիտորդական խմբի ընթացիկ գրությանը, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության կալանավորված անձանց եւ դատապարտյալների հաշվառման բաժնի հաշվառումներով չի անցնում:

Արդյունքում` անձը ոստիկանությունից տեղափոխվել է ՔԿՀ եւ ճանապարհին անհետացել: Կարծում ենք, որ ոստիկանությունը կուսումնասիրի ներկայացված փաստերը եւ հասարակությանը կտա պարզաբանում տվյալ դեպքի կապակցությամբ: