Հայաստանի Զինված ուժերը շուտով կհամալրվեն նոր՝ առավել հեռահար զենքով: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Իսկ թե ումից են գնվելու նման տեսակի զենքերը, նախարարը լրագրողների հետ զրույցում չի մասնավորեցրել՝ հիշեցնելով ռազմական գաղտնիքի մասին:
«Մենք օրեցօր ընդլայնում ենք ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընկերների, ավելի հստակ՝ Ռուսաստանի հետ եւ արդիականացնում սպառազինությունը», - նշել է Օհանյանը:
Պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին՝ նախարարը նշել է, որ այն, ինչը վերաբերում է հարեւան պետության պաշտպանունակությանը, մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է. «Մենք մեր տեսակետներն ու մտահոգությունը հայտնում ենք բոլոր ատյաններում»,- ընդգծել է Օհանյանը:





























