Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ «Բուռնաշը», Էկվադորից մինչեւ տարվա վերջ սկսելու է ներմուծել սննդային հավելումներ, որոնք այս պահին լաբորատոր փորձաքննությունների են ենթարկվում: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց, որ չի բերելու դեղամիջոց, որը չի օգնի ժողովրդին:
«Դեղամիջոցն այս պահին ստուգումների մեջ է, լաբորատոր պրոցեսներով պիտի անցնի, բժիշկները փորձարկումներ կատարեն, որից հետո միայն մենք կսկսենք այն ներմուծել: Մենք չենք կարող բերել մի սննդային հավելում, որն օգուտ չի տալիս: Եթե ասենք բժիշկներն ասեն, որ սա այն չէ, ինչ մենք ենք ցանկանում, ապա չենք բերի, անօգտակար նյութ չենք վաճառի»,- ասաց նա:
Աշոտ Աղաբաբյանի խոսքով՝ ինքը բերելու է առողջարար նյութեր՝ «նիհարացնող, առողջացնող, ժպիտ պարգեւող»:
«Ես օրինակ հազ ունեի՝ ասթմայի հասնող, խմեցի դեղը, ինձ օգնեց, ինչո՞ւ տարածաշրջանում առաջինը չունենանք նման դեղամիջոց»,- ավելացրեց նա՝ հերքելով մամուլի հրապարակումները, թե ինքն Էկվադորից էկզոտիկ մրգեր է ներկրելու:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը հայտնել էր, որ բիրմ տեսակի բույս կա, որն աճում է միայն Էկվադորում եւ որից հատուկ դեղ են պատրաստում, որով հնարավոր է բուժել քաղցկեղը եւ այլ ծանր հիվանդություններ:





























