Բասկերի երկրի Գիպուզկոա մարզի նախագահը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը:
«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպության նախաձեռնությամբ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը մեկնել է Բասկերի Երկիր եւ մի շարք հանդիպումներ ունեցել տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Սեպտեմբերի 11-ին, Սան Սեբաստիանում նախարարը հանդիպել է Գիպուզկոա մարզի նախագահ Մարտին Գարիտանոյին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի եւ Բասկերի Երկրի միջեւ հետագա համագործակցությունը: Հանդիպման ընթացքում Գիպուզկոայի կառավարության անունից Գիպուզկոայի նախագահ Մարտին Գարիտանոն ճանաչեց Լեռնային Ղարաբաղը:
«Այս ժողովրդի տառապանքին պետք է վերջ դրվի, քանի որ նրանք արժանի են ազատ եւ անկախ երկիր ունենալուն, որը կերաշխավորի ապագա պետականություն եւ լեզվի ու մշակույթի լիակատար պահպանում», - նշել է Գարիտանոն:
Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Գիպուզկոայի կառավարության մարդու իրավունքների եւ միջազգային համագործակցության կառույցների հետ, նաեւ զրուցել է հիդրոէլեկտրակայանի ինժեներական ընկերության եւ գյուղատնտեսական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Գիպուզկոա մարզը Բասկերի Երկրի երեք մարզերից մեկն է, որի մայրաքաղաքն է Սան Սեբաստիանը: Լինելով Իսպանիայի ամենափոքր մարզը, Գիպուզկոան ունի ավելի քան 700.000 բնակիչ /բասկերի բնակչության մեկ երրորդը/: Տնտեսությունը հիմնականում հիմնված է երեք հենասյուների վրա՝ առեւտուր, մետաղագործություն եւ տուրիզմ: Գիպուզկոայում մեկ շնչին բաժին է ընկնում 32 000 եվրո:





























