Ռուսական ավիաընկերությունները դեպի Հայաստան չվերթներում հայկական ընկերությունների նկատմամբ առավելություններ ունեն: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողներին հայտարարեց «Էյր Արմենիա» հայկական ավիաընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը: Նրա խոսքով՝ «Էյր Արմենիայի» համար մեկ ուղեւորից գանձվող հարկը կազմում է 8,4 դոլար, իսկ ռուսական ընկերությունների համար՝ այդ գումարի միայն 20%-ը:
«Ստացվում է, որ հարկերի հաշվին, ռուս մրցակիցները կարող են հետդարձի թռիչքի համար մոտ 10 դոլար ավելի քիչ պահանջել, քան մենք», - հավելեց Ավեստիսյանը:
Նրա խոսքով՝ շատ կարեւոր է, որ քաղավիացիայի համար պատասխանատու պետական մարմինները հաշվի են առել սա եւ բանակցություններում կփորձեն հասնել հավասար պայմանների:
Հարցին՝ չի հակասո՞ւմ, արդյոք, այսպիսի ընտրողական մոտեցումը «բաց երկնքի» քաղաքականությանը, Ավետիսյանը նկատեց, որ «բաց երկինքը» ոչ բոլոր երկրներում է գործում: «Հայաստանում գործում է, Ռուսաստանում՝ ոչ: Նշանակում է, ռուսական ընկերությունները Հայաստանում կարող են օգտվել այդ առավելություններից, իսկ մենք Ռուսաստանում՝ ոչ: Ունենք այն, ինչ ունենք», - հավելեց Ավետիսյանը:





























