ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում ընդգծեց իր վստահ ու վճռական դիրքորոշումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ Ծառուկյանի արտահայտած տեսակետը սահմանադրական բարեփոխումների մասին ոչնչով չի տարբերվում ԲՀԿ խմբակցության պատգամավորների կարծիքից: «Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի դիրքորոշումը սահմանական բարեփոխումների վերաբերյալ կասկածի տեղիք չի տալիս: Մենք չենք կասկածում ԲՀԿ-ի հարցում»,-ասել է Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաեւ նշել է, որ իր հարցազրույցում Ծառուկյանն առաջին անգամ խոսել է այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել: «Ծառուկյանը նշեց, որ ինչպես ժողովուրդը կորոշի, այնպես էլ կանենք, իսկ մենք գիտենք, թե ինչ եւ ինչպես կորոշի ժողովուրդը»,-ամփոփել է Զուրաբյանը: