Անհասկալի է, թե ինչո՞ւ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի հարցազրույցը տարընթերցումների պատճառ դարձել: Այդ մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցին հայտարարեց ԲՀԿ պատգամավորական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքով՝ կուսակցության առաջնորդը իր կուսակիցներին համակարծիք միտք է հայտնել: «Մենք չենք քննարկում սահմանադրական բարեփոխումների բովանդակությունը՝ լավ է այն, թե վատ: Մենք ասում ենք, որ երկրում գործազրկություն է, արտագաղթ, աղքատություն, եւ այս բարդ ժամանակահատվածում սահմանադրական բարեփոխումները արդիական չեն: Չի կարելի զբաղվել սահմանադրական բարեփոխումներով, եթե լուծված չեն այս խնդիրները»:

Զոհրաբյանը նաեւ նշեց, որ իշխանությունները փորձում են բոլոր խնդիրները բարդել Սահմանադրության վրա՝ իրավիճակն այնպես ներկայացնելով, կարծես թե սահմանադրական բարեփոխումներից հետո բոլոր խնդիրները կլուծվեն: «Տպավորություն է, որ բոլոր խնդիրների մեղավորը Սահմանադրությունն է»: