Սահմանադրական բարեփոխումների փոփոխության մասին պետք է փաստերով խոսել, ոչ թե էմոցիոնալ ազդեցությունը գնահատել: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցին այսօր` սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
«Գագիկ Ծառուկյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, ԲՀԿ առաջնորդի հարցազրույցն ապացուցում են, որ դարձյալ Հայաստանի քաղաքականությունը թափանցիկ չէ, մենք ունենք կրկնվող սցենար, այսինքն հանդիպեցինք, քննարկեցինք, գնացինք: Մինչդեռ ընդդիմությունը չի կարող նման ձեռագիր ունենալ: Եթե իշխանության դեպքում իրենց գործողություններում արտացոլվում է նրանց որոշածը, ապա ընդդիմության դեպքում նրանք պետք է բառ առ բառ ներկայացնեն ամեն ինչ»,- ասաց նա:
Անուշ Սեդրակյանի խոսքով` այսօր չենք կարող խոսել իրական ընդդիմության մասին, քանի որ նրանք ասում են այն, ինչ ընդդիմությունը. «Եթե մենք խոսում ենք անվտանգության խնդրի մասին, ապա իշխանությունը հայտարարում է, թե ՀԱՊԿ-ն ապահովում է այն, նույնն ասում է նաեւ ընդդիմությունը: Այդ դեպքում ինչ ընդդիմության մասին է խոսքը»:
Հիշենցնենք, որ սեպտեմբերի 11-ին տված հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին նշել է, որ լուրջ չի համարում խոսել մի բանի մասին, որը դեռ չկա, հայտնի չէ. պարզ չէ` խոսքը ինչ փոփոխությունների մասին է:
Դիտարկմանը, թե սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները ժողովրդի հետ տարբեր մարզերում քննարկումներ են անում, Ծառուկյանն արձագանքելն է. «Այսինքն` Ձեր ասած հանձնաժողովի անդամները գնացել են գյուղեր` բերքահավաքի, աշխատանքների ամենախառը փուլում, երբ գյուղացին չունի սերմնացու, տեխնիկա, վառելիք, կարկուտից հսկայական վնասներ է կրել, բանկերում գրավ է դրել իր տունն ու հողը, ու ասել են` սիրելի գյուղացի, դրանք բոլորը կարեւոր չեն, ամենակարեւորը սահմանադրությո՞ւնն է: Թող քո երեխան ու ծնողը սոված լինեն, դեղի, հագուստի փող չունենան, բայց դրանք մի կողմ դիր, արի իրար հետ քննարկենք Սահմանադրությունը: Այդպե՞ս է եղել: Սա լուրջ չէ»:





























