Հայաստանում հարցման մասնակիցների 56%-ը վստահ են, որ ՀՀ Զինված ուժերը եւ ԼՂՀ Պաշտպանության բանակը արժանի հակահարված են հասցրել ադրբեջանական կողմին: Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց GALLUP International association-ի հայկական ներկայացուցչության  տնօրեն Արամ Նավասարդյանը:

Ըստ նրա՝ հարցումն իրականացվել է այս տարվա օգոստոսի 8-ից 17-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւանի բոլոր վարչական շրջաններում, պատասխանողների թիվը եղել է 1067 մարդ:

«Հարցին, թե որոնք են ներկա պահին պետության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրները՝ 40% տոկոսը նշել է պատերազմական իրավիճակը, 35%-ը՝ գործազրկությունը», - ասել է  Արամ Նավասարդյանը:

Հարցման մասնակիցները պատասխանել են նաեւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարցերին:

«24%-ը նշել է, որ Ադրբեջանը, գիտակցելով, որ տանուլ է տալու բանակցային գործընթացում, փորձում է հրահրել նոր ռազմական հակամարտություն, 24%-ը նշել է, որ այս իրավիճակը Ադրբեջանին թելադրվում է արտաքին ուժերի կողմից, 18%-ը նշել է, որ Ադրբեջանը հրահրում է ռազմական հակամարտություն, որպեսզի զսպի ներքին խնդիրները, 13%-ի կարծիքով էլ Ադրբեջանն օգտվում է ՀՀ ներքաղաքական խնդիրներից»,- հայտնել է Արամ Նավասարդյանը:

Հարցման մասնակիցները պատասխանել են նաեւ ՀՀ ԶՈՒ հանդեպ վստահության հարցին: «56%-ը նշել է, որ վստահ է, որ ՀՀ զինված ուժերը եւ ԼՂՀ պաշտպանության արժանի հակահարված են հասցրել ադրբեջանական կողմին, 34%-ը նշել է, որ ավելի շուտ վստահում են բանակին»,- ընդգծել է Նավասարդյանը:

Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ 90% վստահություն կա հայոց բանակի նկատմամբ: