Ժամկետային զինծառայող, 22-ամյա Սամվել Հարությունյանի գործով կալանավորված զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանի փաստաբանը առաջիկա շաաբթվա ընթացքում մի շարք միջնորդություններ կներկայացնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Արմեն Ադամյանը:
Նա նշեց, որ պատրաստվում են Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել կալանավորման որոշումը, դրանից բացի՝ քննչական մի շարք գործողություններ՝ առերեսումներ եւ այլն, անցկացնելու խնդրով միջնորդություն ներկայացնել քննիչին:
«Կան անձինք գործով, որոնց անունները այս պահին նախաքննությունից ելնելով չի հրապարկվում: Իմ պաշտպանյալին մեղադրանք են առաջադրել գործի հետ չառնչվող հոդվածներով, առաջադրված հոդվածներից ոչ մեկի հետ ես համաձայն չեմ: Որեւէ մանրամասն չեմ կարող ասել, քանի որ բուն քննությունը նոր է սկսվում, շատ հանգամանքներ կան չպարզված: Այստեղ մենք ավելի շատ գործ ունենք կասկածի հետ, բայց նման անձինք կարող են շատ ավելի լինել շատ ավելի ծանր հոդվածներով»,-ասաց Արմեն Ադամյանը:
Նա վստահեցրեց, որ կալանավորված զինծառայողը մահացած զինվորի հետ շատ նորմալ հարաբերություններ է ունեցել:
Նշենք, որ ՀՀ քր.օր-ի 110 հոդ. 1-ին մասի /ինքնասպանության հասցնելը/ հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին և 358 հոդվածի 1-ին մասերով, 360 հոդվածի 2-րդ մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով, զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաև զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ որը կատարվել է ստորադասի կողմից պետի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության հետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային, 1992թ. Սամվել Սերգեյի Հարությունյանը։





























