Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-չինական հարաբերությունների ընդլայման եւ խորացման գործում: «Ձեր առաքելության ժամանակահատվածում հայ-չինական փոխգործակցությունը ձեռք է բերել որակական նոր մակարդակ եւ Ձեր գործունեությամբ մեծապես նպաստել եք այդ գործընթացին»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Թիան Չանչունը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համատեղ աշխատանքի համար եւ վստահություն հայտնել, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները հետագայում եւս կզարգանան ու կընդլայնվեն:

Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար եւ մաղթել նորանոր հաջողություններ: