ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 11-ին ընդունել է  Մերձավոր Արեւելքի մարոնիների, հայկական եկեղեցու, ասորական, ուղղափառ, հունական եւ սիրիական կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա է գտնվել Հայ առաքելական եկեղեցու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, հայտնում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը:

Դիմելով նախագահ Օբամային՝ Արամ Ա-ն առաջին հերթին ցավակցություն է հայտնել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 13-րդ տարելիցի առթիվ: Վեհափառը նշել է, որ ահաբեկչությունն իր տարբեր դրսեւորումներով շարունակվում է աշխարհի տարբեր ծագերում, այդ թվում նաեւ՝ Մերձավոր Արեւելքում:  Կաթողիկոսն ընդգծել է, որ տարածաշրջանում ահաբեկչությունը սպառնալիք է ոչ միայն քրիստոնյաների, այլեւ մահմեդականների եւ ողջ աշխարհի համար: Ըստ նրա՝ հավաքական եւ համաձայնեցված ջանքերը պետք է ուղղվեն ծայրահեղականության դեմ պայքարին:  

Խոսելով Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների մասին՝ վեհափառը նշել է, որ քրիստոնյաներն օտար չեն տարածաշրջանում եւ չպետք է երկրորդ կարգի քաղաքացի համարվեն, քանի որ նրանց պատմությունը խոր արմատներով գնում է դեպի Մերձավոր Արեւելքի պատմություն:  Արամ Ա-ն ողջունել է նախագահ Օբամայի հայտարարությունը համատեղ ջանքերով ծայրահեղական շարժումներն արմատախիլ անելու վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել առաջին հերթին Իրաքի քրիստոնեական համայնքի ծանր վիճակի մասին: Մարոնիների պատրիարք Ռային նախագահ Օբամային է ներկայացրել հոգեւոր առաջնորդների նախապես պատրաստած նամակը:

Նախագահ Օբաման, իր հերթին,  ներկայացրել է իր հայտարարության առանցքային կետերը՝ ընդգծելով, որ խղճի ազատությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակում են մնալ ԱՄՆ արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունները: