Կոտայքի մարզի դատախազությունը մերժել է ընթացք տալ դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդմանն այն մասին, որ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստերի ժամանակ տուժողներ Հայկ եւ Արթուր Հակոբյանները վիրավորական արտահայտություններ են թույլ տվել իր հասցեին։
«Ըստ որոշման՝ Կոտայքի մարզի դատախազությունը դատարանում իմ հասցեին ուղղված վիրավորական արտահայտությունները, մասնավորապես, Հայկ Հակոբյանի արտահայտությունը, որ «չի ցանկանում լսել այդ անասունին, սատկացնելու եմ» եւ Արթուր Հակոբյանի արտահայտությունը՝ «այդ ամենը ապուշություն է», համարել է ոչ դիտավորյալ արված արտահայտություններ եւ դրա մեջ հանցակազմ չի տեսել, նաեւ համարել է, որ դատական նիստը խանգարելու նպատակ չեն ունեցել»,-Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական վթարի գործով դատական հերթական նիստին ասաց փաստաբանը։
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ իր համար ցավալի է, որ ակնհայտ հանցակազմ պարունակող արարքը մարզի դատախազը որակում է որպես հանցակազմ չունեցող։
Մեղադրող Արթուր Սարգսյանը դժգոհեց, որ դատարանն այն վայրը չի, որտեղ կարելի է նման հայտարարություն անել. եթե փաստաբանը համաձայն չէ այդ որոշման հետ , կարող է այն բողոքարկել։
Նիկոլայ Բաղդասարյանն էլ բորբոքվեց՝ ասելով. «Ես սրանից հետո բոլորին դիմելու եմ նույն արտահայտությամբ, դա վիրավորական չէ, փաստորեն»։





























