Գերմանիայի կառավարությունը արգելել է ջիհադիստական «Իսլամական պետություն» կազմակերպության գործունեությունը երկրի ողջ տարածքում: Այս մասին հայտնել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դը Մեզյերը, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Այսուհետ Գերմանիայում ԻՊ-ի անդամներին եւ կողմնակիցներին, ի թիվս այլոց, արգելվում է ժողովներ անցկացնել եւ այդ խմբավորման տարբերանշանները կամ խորհրդանշաններն օգտագործել, օրինակ՝ դրա սեւ նշանները: 

Գերմանիայում ԻՊ-ի գործունեության արգելքն առայժմ կազմակերպությանը չի հավասարեցնում ահաբեկչական միավորի, քանի որ դրա համար անհրաժեշտ է  դատարանի համապատասխան վճիռը: Սակայն այդպիսի վճռի հասնելը բավական բարդ է, քանի որ Գերմանիայում ԻՊ-ն ենթադրաբար կազմակերպական կառույց չունի, որի գոյությունը հնարավոր կլինի ապացուցել դատական կարգով: 

Ըստ ԿՀՎ-ի՝ ԻՊ-ի շարքերում հաշվվում են  20-30 հազար անդամներ Իրաքում եւ Սիրիայում: ԻՊ-ի շարքերը  համալրում են նաեւ  կամավորներ Գերմանիայից եւ եվրոպական այլ երկրներից: Գերմանիայում ԻՊ-ի գործունեությունը հիմնականում  սոցցանցերի միջոցով նոր անդամների հավաքագրելն է: