Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն արձագանքել է օրերս Ազգային Ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դիտարկմանը, թե Կարգավորիչ գիլյոտին ծրագիրն իրականացվում է վարկային միջոցներով եւ գործում է անարդյունավետ:

Այս առնչությամբ, օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Տեղեկացնում ենք, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցները՝ աշխատակազմի աշխատավարձ, տեղական եւ միջազգային փորձագետների վարձատրություն, էլեկետրոնային համակարգի ստեղծում, դրամաշնորհային են:

Ծրագրերի արդյունավետությունը հնարավոր է գնահատել ներկայացված օրենսդրական առաջարկների ընդունումից եւ իրավական ուժ ստանալուց հետո: Մինչ օրս ՀՀ վարչապետի գլխավորությամբ գործող Բարեփոխումների խորհրդի կողմից հավանության է արժանացել Կարգավորիչ գիլյոտին ծրագրի ներկայացրած առաջարկների 85 տոկոսը: Իրավական դաշտի այս բարեփոխումները բիզնեսի եւ քաղաքացու ծախսերը տարեկան կտրվածքով խնայում են շուրջ 6.3մլդ դրամով:

Ինչ վերաբերում է ծրագրի ավարտին, ապա 2015թ. կեսին, երբ ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված 17 գերակա ոլորտները կվերանայվեն, եւ օրենսդրությունն ու կանոնակարգերը կպարզեցվեն, կմեկնարկի Կարգավորման ազդեցության գնահատումը (ԿԱԳ): Արդյունքում՝ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը կվերափոխվի Կարգավորման ազդեցության գնահատման կենտրոնական գրասենյակի՝ իրականացնելու մեր երկրում ստեղծվող բոլոր կարգավորիչ օրենսդրական նորմերի ԿԱԳ-ը մինչեւ դրանց ընդունումը»: