Սնանկացման եզրին կանգնած նախկին գործարար Փայլակ Հայրապետյանը չի ներկայացել «Օֆշորի գործով» կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի հետ առերեսմանը՝ անձնական ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Այս մասին NEWS.am-ին ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ հաջորդ առերեսման օրը հայտնի չէ, նշանակվում է քննիչի կողմից:
Նա նշեց, որ դա քննչական գործողություն է, եւ եթե քննիչը անհրաժեշտ համարեց, Փայլակ Հայրապետյանը պարտադիր պետք է գա, ներկայանա ու ասի, որ հրաժարվում է: Յուրիկ Խաչատրյանի խոսքով՝ իր պաշտպանյալը բազմիցս ցուցմունք է տվել, բազմաթիվ հարցաքննություններ են եղել, որեւէ առերեսում չի կատարվել:
«Միջնորդություններ ենք արել, փաստաթղթեր են ներկայացրել ԱՄՆ-ից դաաավարության հետ կապված, որ այնտեղ Աշոտ Սուքիասյանը ումից փող էր վերցրել եւ չէր վերադարձել, դրա հետ կապված դատական ատյաններ հայցադիմումներ է ներկայացրել, մենք թղթեր ենք ներկայացրել քննությանը»,-ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի անունները ցուցմունքներում լինելուն, փաստաբանն ասաց, որ Աշոտ Սուքիասյանը հայտարարել է, որ կեղծել է նրանց ստորագրությունները: «Մնացածը, որ ինքը Աֆրիկայում գործողություն է կատարել, գումար է փոխանցել, փաստեր կան, որ ում որ փոխանցել է, այնտեղ պետք է գործողություն կատարեր, իրենով պետք է բաժնեմաս ձեւակերպեին, չի արել, ինքը մտել է դատական ատյաններ, այսինքն դրա հետ կապված վեճեր կան, ավելին չեմ կարող առայժմ ասել»,- նշեց Յուրիկ Խաչատրյանը:
Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը կալանավորվել է հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո: Նա գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, հարազատներին արգելված է տեսակցել գործարարին: Առ այսօր գործարարը ցուցմունք է տալիս:





























