«Lydian International» ընկերությունը հրապարակել է Հայաստանում «Ամուլսար» ոսկու նախագծի նորացված տեխնիկա-տնտեսական հիմնավորումը: Այս մասին տեղեկացնում է «Gold Investing News» կայքը:
Ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի խոսքով՝ հետազոտությունը, որը 2012 թվականի սեպտեմբերի հաշվետվության թարմացված տարբերակն է, «հրաշալի արդյունք է ցույց տվել ինչպես տեխնիկական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից»:
Փաստաթղթի համաձայն, 10.4 տարվա ընթացքում արդյունահանվող ոսկու ընդհանուր քանակը կազմելու է 2.1 մլն ունցիա (շուրջ 60 հազար կգ): Ոսկու արդյունահանման ընդհանուր ցուցանիշը գնահատվում է 84.2 տոկոս, իսկ տարեկան ակնկալվում է արտադրել 200 հազար ունցիա ոսկի (շուրջ 5.600 կգ):
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ընկերությունը կարծում է, որ «Ամուլսար» նախագիծը «լավ հնարավորություն է՝ հանքի մշակմամբ լայնամասշտաբ քիչ ծախսատար արտադրության զարգացման համար»:




























