Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանը մոտ 15 տարի ճանաչել է ռուսաստաբնակ գործարար, այժմ անազատության մեջ գտնվող Լեւոն Հայրապետյանին եւ շատ ափսոսում է նրա հետ կատարվածի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ իրենք շատ հին ընկերներ են, վերջին շրջանում ողղակի ինտենսիվ շփում չի եղել՝ պայմանավորված զբաղվածությամբ: «Ես ափսոսում եմ, Լեւոն Հայրապետյանը մեր ազգի լավագույն ներկայացուցիչներից է, մեծ բարերար, ով շատ է օգնել Հայաստանին, ԼՂՀ-ին: Ինքը ընդունակ չէ այն ամենին, ինչում իրեն մեղադրում են, ես չեմ հավատում: Նա այդ մարդ չէ, ինքը բարի տղա է, բացառիկ անձնավորություն, մեծ ինտելեկտով»,-ասաց նախկին պատգամավորը:
Նա նշեց, որ Լեւոն Հայրապետյանը մեծ շփում է ունեցել ամենատարբեր շրջանակների հեղինակավոր անձանց հետ: Հարցին, թե ինչ է եղել Լեւոն Հայրապետյանի հետ, Գագիկ Աբրահամյանն ասաց, որ չի կարող ասել, հավանաբար նրան փորձում են ինչ-որ բանի մեջ ներքաշել:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Երեկվա նիստին նրան նոր մեղադրանք առաջադրվեց՝ մեքենայություն հոդվածով: Լեւոն Հայրապետյանը դատարանում հայտարարեց, որ հորինված գործ է, քննիչն էլ ստախոս է:





























