«Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում եւ «Սկայպ» հաղորդակցման ցանցով անչափահաս տղայի հանդեպ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորության մեջ մեղադրվող 25-ամյա Հովհաննես Սաֆարյանը սահմանափակ մեղսունակ է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 12-ին, NEWS.am-ին ասաց մեղադրվողի մայրը, որը որդու հետ եկել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ մասնակցելու գործով դատական առաջին նիստին։
«Ինքը դատաբժշկական քննություն է անցել եւ տրվել է, որ ինքը սահմանափակ մեղսունակ է: Ինքը էպիլեպսիկ է, երեւի ինչ-որ ազդեցության տակ է եղել, չի հասկացել՝ ինչ է արել: Մարդ կարող է, չէ՞, սխալվել», - ասաց մեղադրվող Հովհաննես Սաֆարյանի մայրը:
Կնոջ խոսքով, ինքը ոչ մի բանից տեղյակ չի եղել, եւ եթե իմանար, հնարավոր է՝ կանխեր այդ ամենը:
«Ես ոչ մի բան չեմ իմացել: Եթե երեխայի մայրն ինձ ասեր, ես էդ համակարգիչն էլ կջարդեի, իրեն էլ»,- ասաց Հովհաննեսի մայրը:
Հովհաննես Սաֆարյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, որ հոգեպես վատ վիճակում է։
Նշենք, որ համաձայն մեղադրական եզրակացության, Հովհաննես Սաֆարյանը 2013թ. հոկտեմբերի 28-ին «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ այցելել է 12-ամյա տղայի անհատական էջ և ներկայանալով «Հովո» նիքնեյմով` առաջարկել է համացանցով ընկերանալ, ապա` ֆուտբոլային թեմայով պատկերի ներքո լուսանկարներ պատրաստելու պատրվակով «Սկայպ» հաղորդակցման համակարգի միջոցով լուսանկարահանել է նրան կիսամերկ վիճակում, իսկ հաջորդ օրը, զանգահարելով նրա բջջային հեռախոսահամարին, առաջարկել է հանդիպել: Վերջինն այդ մասին տեղյակ է պահել մորը։
Հովհաննես Սաֆարյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 34-142 հոդվածի 2-րդ մասի 2, 6 կետերով, 263 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։





























