Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտնում է, թե սեպտեմբերի 11-ին, Ոստիկանության Երեւանի Նոր Նորքի բաժնի ծառայողը ներխուժել է շուրջ երկու շաբաթ առաջ՝ օգոստոսի 30-ին ծանր հիվանդությունից մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի (Վարդենիսցի Հեբոյի) այդ թաղամասում գտնվող վարձու բնակարան՝ նրան բերման ենթարկելու նպատակով:
«Բնակարանում եղել է միայն Գառնիկ Խչեյանի ուսանող դուստրը: Ոստիկանիպահվածքը ահաբեկել եւ վիրավորել է հոր մահվան դեռեւս թարմ վշտի ծանր ապրումների մեջ գտնվող երիտասարդ աղջկան:
Սա այն պարագայում, երբ Վարդենիսում եւ ամբողջ Հայաստանում որպես Լեոնիդ Ազգալդյանի ենթակայությամբ գործած ջոկատի հայտնի հրամանատարի մահվան լուրը զետեղվել է մամուլում եւ սոցիալական ցանցերում, իսկ Վարդենիսում տեղի ունեցած թաղման արարողությունը հայտնի իրադարձություն է եղել, որին մասնակցել են բազմաթիվ մարդիկ:
Հիշեցման կարգով տեղեկացնում ենք, որ Գառնիկ Խչեյանի նկատմամբ ոստիկանական հալածանքը սկսվել էր այն բանից հետո, երբ նա պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իրականացվող շինծու դատավարության ժամանակ հակադարձել էր իր եւ դատարանում գտնվող այլ ազատամարտիկների արժանապատվությունը վիրավորած դատավորին: Ոստիկանության այս քստմնելի արարքը վկայում է ռեժիմի անմարդկային եւ, միեւնույն ժամանակ՝ ապիկար լինելու մասին:
Նախախորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ազատամարտիկի հիշատակի անարգման եւ նրա ընտանիքի անդամների ահաբեկման ու նրանց արժանապատվության ստորացման գործողությունները եւ ռեժիմին ու նրա ծառաներին հիշեցնում է, որ առնվազն մինչեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը պատասխան են տալու ժողովրդի եւ օրենքի դատաստանի առջեւ»,- ասվումէ հայտարարության մեջ:





























