«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձին, բողոքի ցույց կանցկացնի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Պարույր Հայրիկյանը:
Պարույր Հայրիկյանն ասաց, որ դեռ չգիտեն՝ որտեղ եւ ժամը քանիսին կանցկացնեն իրենց բողոքի ցույցը, բայց առաջարկ է եղել, որ եթե սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքում նախագահը տոնական միջոցառում կազմակերպի, իրենք դրան կգնան սեւ դրոշներով, կասեն՝ «դուք սատկած եք, դուք թաղված եք, սատկածներդ իրավունք չունեք մեր ազգային ինքնորոշման տոնը նշելու»:
«Իշխանություններին կասենք՝ դուք իրավունք չունեք սեպտեմբերի 21-ը նշեք որպես տոն, դուք իրավունք չունեք ձեր շուրթերը բացեք: Սեպտեմբերի 21-ին, դուք պետք է մկան ծակը 1000 թումանով գնեք ու թաքնվեք էնտեղ: Դուք պետք է այդ օրը պապանձվեք, որովհետև դեմ եք գնացել 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հայ ժողովրդի՝ բռնատիրական Ռուսաստանից հեռանալու որոշմանը: Այդ օրը, երբ անկախության հանրաքվե էր անցկացվում, բոլորս գիտեինք, որ մենք Սովետական Միությունից, բոլշևիկյան Ռուսաստանից դուրս գալու համար ենք քվեարկում: Հիմա մեկ այլ բոլշևիկ եկել է իշխանության և մերոնք ասում են՝ մենք պիտի միանանք այդ բոլշևիկին: Բայց ժողովուրդն այլ բան է ասել, 94 տոկոսով ասել է՝ մենք Ռուսաստանի հետ լինել չենք ուզում: Քեզ ո՞վ է իրավունք տվել հակառակ ուղղությամբ գնալ: Հակառակ ուղղությամբ ես գնո՞ւմ, ճակատիդ կպցրու «դավաճան», այլ անարժանապատիվ բառեր ու մեջտեղ արի, մենք էլ կասենք՝ էս ինչ ազնիվ մարդ է, ինքը գիտի, որ ինքը սատանայի ծնունդ է»,- հայտարարեց Հայրիկյանը:





























