Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն Նախախորհրդարանի տարածած հայտարարության կապակցությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ մեկնաբանելով  Նախախորհրդարանի տարածած հայտարարությունը:

Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն էր տարածել, թե «սեպտեմբերի 11-ին, ոստիկանության Երեւանի Նոր Նորքի բաժնի ծառայողը ներխուժել է շուրջ երկու շաբաթ առաջ՝ օգոստոսի 30-ին ծանր հիվանդությունից մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի (Վարդենիսցի Հեբոյի) այդ թաղամասում գտնվող վարձու բնակարան՝ նրան բերման ենթարկելու նպատակով»:

Ըստ Ահարոնյանի, իրականում, սեպտեմբերի 11-ին նշված հասցե այցելել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանը, քանի որ ոստիկանության Նոր Նորքի բաժինը Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնից ստացել էր այս տարվա հուլիսի 19-ին հարուցված քրգործով Գառնիկ Խչեյանին բերման ենթարկելու որոշում:

«Խչեյանի դստերից համայնքային ոստիկանը տեղեկացել է նրա մահվան մասին, որից հետո համապատասխան գրառում է կատարել եւ հեռացել: Չնայած այս ամենին, հաշվի առնելով Նախախորհրդարանի հայտարարությունում նշված որոշ հանգամանքներ՝ ՀՀ ոստիկանապետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն»,- նշեց Ահարոնյանը:

Նա միեւնույն ժամանակ Նախախորհրդարանին կոչ արեց զերծ մնալ կանխակալ եւ տարաբնույթ որակումներից: «Ի դեպ, նշեմ, որ Գառնիկ Խչեյանը՝ Վարդենիսցի Հեբոն ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մարտական ընկերն է»,- ասաց Ահարոնյանը: