«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծավալուն հարցազրույցը ուշագրավ մի շարք շեշտադրումներով է առանձնանում:
Զուտ հոգեբանական տեսանկյունից առաջին հերթին հետաքրքիր է հարցազրույցի ընթացքում մի 3-4 անգամ, տարբեր առիթներով Գագիկ Ծառուկյանի արած այն շեշտադրումը, որ ինքը ոչ մի անձնական շահ չի հետապնդում:
Բայց երբ չափից շատ են կրկնում նույն բանը, արտասանում որպես հմայախոսություն, կուրծք ծեծում՝ «ինձ ոչինչ պետք չէ» եւ այլն, ապա մի տեսակ արդեն սկսում ես կասկածել, թե դա իրոք այդպես է: Երբ շարունակ պնդում են, թե՝ ոչինչ չեն ուզում, ապա կարելի է ենթադրել, որ պնդողն ուզում է ամեն ինչ կամ ամբողջը:
Ներքաղաքական զարգացումների առումով Գ.Ծառուկյանի հարցազրույցը, առաջին հերթին, հետաքրքիր է «քառյակի» հեռանկարի, ապա՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի առումներով:
Նախ, «քառյակի» մասին: Հարցին՝ քառյակի հեռանկարի առումով լավատե՞ս է, թե՞ ոչ այնքան, ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանը կարծես մի տեսակ սառն է պատասխանում, իմիջիայլոց. «Ես հարցին նայում եմ մի փոքր այլ տեսանկյունից: Կա հնարավորություն խնդիրները իրար հետ քննարկելու, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնելու: Ու դա շատ լավ է: Չի լինի նման հնարավորություն` ողբերգություն պետք չէ սարքել: Այդ դեպքում քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ն կաշխատի երկկողմ հարաբերությունների մեխանիզմով»:
Այլ կերպ ասած. կլինի՞՝ լավ, չի՞ լինի՝ էլի լավ: Մյուս կողմից, նման պատասխանը կարող է ընկալվել որպես տեսանելի հեռանկարում «քառյակի» հնարավոր տարանջատման վատ քողարկված ակնարկ:
Հատականշական է, որ Գ.Ծառուկյանը շարունակության մեջ ընդգծում է. «Որքան էլ ես կարեւորեմ քաղաքական ուժերի հետ հարաբերությունները, ես ամենից առաջ կարեւորում եմ ԲՀԿ-ի դերի ու վարկանիշի բարձրացումը, ԲՀԿ-ի ուժեղացումը: Կան ներքին որոշումներ, կան հանձնարարականներ այդ ուղղությամբ, կա մշակված ծրագիր, որով մենք շարժվելու ենք, եւ որը է՛լ ավելի է ուժեղացնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»:
Ինքնին հասկանալի է, որ որեւէ ուժի ղեկավարի համար առաջին տեղում իր կազմակերպությունն է: Բայց նույնքան բնականաբար էլ ասվածը կարելի է մեկնաբանել որպես պարզ ակնարկ այն բանի, որ բացառապես անանձնական շահեր ունեցող Գ.Ծառուկյանի ԲՀԿ-ն միառժամանակ կգնա «քառյակի» հետ, բայց հետո, ընտրություններին ավելի մոտ կամ «իքս» պահից սկսած, կաշխատի բացառապես իր համար: Ասենք, նախքան այս էլ նույն պատկերն էր, որը միանգամայն պարզորոշ տեսանք 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այսպես ասած, «Միասնական շտաբի» շրջանակներում:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, ապա հարցազրույցում ԲՀԿ ղեկավարի տված պատասխանը երկակի տպավորություն է թողնում: Միաժամանակ «սպիտակ թելերով» կարված հնարքներն էլ անհնար է չնկատել: Գ.Ծառուկյանը, օրինակ, ասում է. «Ես լուրջ չեմ համարում խոսել մի բանի մասին, որը դեռ չկա, հայտնի չէ: Պարզ չէ` խոսքը ինչ փոփոխությունների մասին է: Երբ կլինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կլինեմ բոլոր հարցերին պատասխանելու»:
Բարի: Բայց մինչեւ այժմ խոսքը միանգամայն այլ բանի մասին էր: Ոչ թե «փաթեթի», այլ այդ փաթեթի նախագծի հիմնական սկզբունքների մշակման գործընթացին, դրա՛ քննարկումներին մասնակցելու: Իսկ երբ «փաթեթը» լինի, ապա ոչ միայն Գ.Ծառուկյանն ու մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այլեւ շարքային քաղաքացիներն էլ կարտահայտվեն: ԲՀԿ-ն մերժում էր գործընթացն առհասարակ: Իսկ հիմա կուսակցության առաջնորդն ասում է, թե լուրջ չէ խոսել մի բանի մասին, որ չկա:
Գ.Ծառուկյանի հիմնական շեշտադրումը, իհարկե, սա է. «Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրման»: Իսկ հետաքրքիր է, եթե ԲՀԿ-ն մի երկու-երեք անգամ խորհրդարանում տեղ է գրավում, դա վերարտադրությո՞ւն է, թե՞ այնպես:
Էլ ավելի հետաքրքիր է, որ «ցանկացած բարեփոխման» կողմ հանդես եկող կուսակցությունը մի տարիուկես առաջ խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակից էր հանդես գալիս, բայց հիմա առհասարակ դեմ է փոփոխությունների գործընթացին, որի արդյունքում, հնարավոր է, հենց այդ մոդելն ընտրվի: Սա ի՞նչ է, հայկական ավանդական չուզողությո՞ւն, թե՞ ԲՀԿ-ին ասվել է, որ իրենք հիմա էլ դեմ պիտի լինեն: Այդպես է պետք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























