Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ ոչ իշխանական չորս ուժերը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ միասնական կարծիք երբեք չեն հայտնի եւ այս հարցում չեն միավորվի։

«Առանձին հարցերի շուրջ քառյակը փորձելու է պայմանավորվել, իր միասնական կարծիքը հայտնել, իսկ գլխավոր հարցերի դեպքում, ասենք Սահմանադրական բարեփոխումների փոփոխության, ապա արդեն տեսնում ենք, որ կարծիքները տարբեր են։ Այնպես որ չեմ կարծում, որ թշնամանք կլինի, բայց կարեւորագույն հարցերի շուրջ չեն միավորվի»,- այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։

Մինչդեռ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Սահմանադրական բարեփոխումների մասին միասնական կարծիք հայտնելը ընդդիմության միակ հնարավորությունն է։

«Մեր ներկայիս Սահմանադրությունը մեկ թույլ կետ ունի, որ նախագահը երկու անգամից հետո չի կարող նորից ընտրվել, հետեւաբար, իշխանությունը բարեփոխումների վերաբերյալ պետք է քննարկում անցկացնի քաղաքական ուժերի հետ։ Իսկ քառյակի համար էլ սա վերջին շանսն է միավորվելու համար»,- նշեց սոցիոլոգը։

Ինչ վերաբերվում է թեժ աշնան մասին կանխատեսումներին, Ադիբեկյանը հիշատակեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հանրահավաքը, որին նրա խոսքով՝ մասնակցում էին միայն ԶԼՄ ներկայացուցիչները. «Սպասենք քառյակի հանրահավաքին, դա պետք է, քաղաքական հոգեբանության համար անհրաժեշտ են նման հանրահավաքները»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումներին այս պահին խորհրդարանական ուժերից միայն ՀՅԴ-ն է կողմ արտահայտվել: Քաղաքական մյուս ուժերից ԲՀԿ- եւ ՀԱԿ-ը կտրուկ դեմ են արտահայտվել բարեփոխումներին՝ տարբեր պատճառներով: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը համոզված է, որ հիմա տնտեսական բարեփոխումների ժամանակն է, ոչ թե՝ Սահմանադրական: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այս առթիվ նշել է, որ իշխանությունները չգիտեն, թե ինչ են ուզում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը չի շտապում կարծիք հայտնել: Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը պետք է ամբողջությամբ եւ մանրամասն ուսումնասիրել, այնուհետեւ՝ գնահատականներ տալ: «Օրինաց երկիր» խմբակցությունը նույնպես դեմ է Սահմանադրական բարեփոխումներին:

Սահմանադրական բարեփոխումներին անդրադարձել են նաեւ Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները՝ նորից դեմ արտահայտվելով սպասվող բարեփոխումներին: