Սյունիքի մարզի 7 համայնքներում այս տարվա գարնանն անցկացվել է հարցում, որի համաձայն՝ հարցվածների 60%-ը չի դատապարտել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործողությունները անցած տարվա հունիսի մեկին տեղի ունեցած ողբերգական միջադեպի ժամանակ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչքանով է հնարավոր Սուրիկ Խաչատրյանի վերադարձը։

«Նրանք ոչ միայն չէին դատապարտում, այլեւ ասում էին, որ իրենք էլ տվյալ պարագայում այդպես կվարվեին։ Այնպես որ խոսել վախի մթնոլորտի մասին, ավելորդ է, քանի որ հարցումներն այլ բան էին ցույց տալիս»,- ասաց նա։

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, այնուամենայնիվ, համոզված է, որ Սյունիքում մարզպետ կնշանակվի մարդ, որը կվայելի եւ իշխանության, եւ ժողովրդի սերը. «Իսկ այդպիսի մարզպետ կա՝ Շիրակինը։ Ֆելիքս Ցոլակյանն ընդունելի է իշխանությունների եւ ժողովրդի կողմից։ Բացի դրանից՝  նա բարձրացրեց մարզպետի նշաձողը։

Նշենք, որ սեպտեմբերի չորսին Վահե Հակոբյանն ազատվեց աշխատանքից եւ նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ: Սյունիքի մարզպետի ամենահավանական թեկնածուն ըստ հրապարակումների Սուրիկ Խաչատրյանն է, որը 2013թ. հունիսի մեկին իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։