Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնին վերադարձնելու համար մեկնարկած ստորագրահավաքը արգահատելի եւ դատապարտելի ընթացք է, նման բան հնարավոր է միայն Հայաստանում եւ միայն Սյունիքում ու միայն Լիսկայի դեպքում, նրանք ուրիշ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ 2013թ հունիսմեկյան այդ հրեշավոր հանցագործությունից հետո, որը հեղինակեց եւ իրականացրեց Լիսկան ու նրա ընտանիքը, որի ժամանակ վիրավորվեց Արտակ Բուդաղյանը, մահացավ նրա եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը, Լիսկան հայտարարեց, որ եթե ինքը քնած չլիներ, մի 20 հատ դրանց գլխին կշարեր, դրանից հետո էլ ասաց, որ պատրաստ է թողնել մարզպետի պաշտոնը մինչեւ նախաքննության ավարտը: Ըստ նրա՝ սա նորամուծություն է, այսինքն՝ ինքն է որոշում, թե ինչքան ժամանակով թողնել մարզպետի պաշտոնը: Նախկին քաղաքապետը շեշտեց, որ այդ ոճրագործությունից հետո Սուրիկ Խաչատրյանը ոչ միայն չձերբակալվեց եւ չկալանավորվեց, անգամ չկասկածեցին նրան, իսկ որդին եւ թիկնապահը ազատ արձակվեցին: «Ի՞նչ ստացվեց, որ փաստորեն ՀՀԿ անդամ, պատգամավոր Վահե Հակոբյանին նշանակել էին ոչ թե Սյունիքի մարզպետ, այլ մարզպետի պաշտոնակատար եւ ինքը չգիտեր այդ մասին, մի քանի ամիս հետո իմացավ, այն էլ՝ Կառավարության նիստին, երբ նրան առաջարկեցին դիմում գրել, ազատվել այդ պաշտոնից եւ տեղափոխվել մեկ այկ աշխատանքի, այլ կերպ ասած՝ մարզպետական տեղը ազատիր Լիսկայի համար»,- ասաց նա:
Նա չի կասկածում, որ Սուրիկ Խաչատրյանին հասկացրել են, որ ստորագրահավաք կազմակերպի եւ աղաչանաք-պաղատագիր գրեն Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, որ առանց Լիսկայի հնարավոր չէ պատկերացնել Սյունիքի ընթացքը:
«Դրան հակառակ արժանապատվության զգացում ունեցող սյունեցիները, ովքեր ուզում են չմեռնել, ում համար արգահատելի է այս անարգ կյանքը, նրանք պետք է հիշեն սյունյաց հերոսական անցյալը, հեռացնեն ագռավներին եւ ապստամբության ճանապարհով կանխեն այս անպատվաբեր, ստորացուցիչ ընթացքը: Եթե չկանխենք, պիտի ասեն, որ սյունեցիները աղաչում են, որ այդ արտասովոր ոճրագործը պաշտոնավարի մարզպետ: Կոչ եմ անում մշակութային հիմնարկներին, մանկավարժներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին դուրս գալ հրապարակ ընդդեմ Լիսկայի վերադարձի, վերջիվերջո՝ սա պետությո՞ւն է, թե՞ դուքան: Եթե այդպես շարունակվի, մի քանի օր հետո ստիպված պիտի լինեմ ասել՝ վերակարգվեց Սյունիքում մարզպան, Գորիսի ելուզակ Լիսկան»,- ամփոփեց նա:





























